Արդյոք կա՞ որևէ բառ, որը կարտահայտեր տառապանքն այն հերոսածին մոր, ով մի որդու կորստի ցավը երբեք չհաղթահարած` երկրորդ զավակին դիմավորում է որպես անմահացած հերոսի և... հիմա էլ դժբախտ պատահարի` ավտովթարի զոհ է դառնում երրորդ որդին:
Չկա նման բառ... ուղղակի չկա։
Եվ այդ ուժը կորցրած ` «ցավակցում եմ» բառը երբեք ի զորու չէ արտահայտելու այն տիեզերամասշտաբ ցավը, որի կրողն է մեր սիրելի հերոսամայրը` տիկին Ժասմինա Խաչատրյանը։
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում սուգ է, որը երեկ ուշ երեկոյան ժամերից սկսած հասավ բոլորիս սրտերը:
Ավտովթարից մահացել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, մեր հզոր կամավոր Արտյոմ Խաչատրյանի եղբայրը` Արթուր Խաչատրյանը:
Կարդում ես այս սարսափելի լուրը և տեղում քարանում, հնարավոր չէ մոռանալ հերոսամոր այն գրառումը, որ ամիսներ առաջ նա ուղղել էր իր Արթուր որդուն` ծննդյան օրը.
«Ծնունդդ շնորհավոր տղես։ Աստծո աջը միշտ հովանի լինի քեզ բալես, գիտեմ, որ տխուր ես, քանի որ մենակ ես, բայց խնդրում եմ այդպես չմտածես, քանի որ եղբայներդ երկնային աշխարհից քեզ միշտ ուժ ու եռանդ կփոխանցեն, կպաշտպանեն քեզ ամեն մի փորձությունից, Տե՛ր ջան, պահես ու պաշտպանես իմ սիրուն բալին, խնդրում եմ այդ մեկը գե՛թ, թո՛ղ մնա ինձ հետ»։
Մեր անսահման վեհ ու բարի, անգամ վշտի մեջ բոլորի հանդեպ ուշադիր հերոսամայր, ոչ մի կերպ հնարավոր չէ մոռանալ նաև Ձեր վերջին գրառումներից մեկը, որում այնքա՜ն ցավ ու մորմոք կար.
«Եկեք այսօր աղոթենք մեր այն հերոսածին մայրերի, հերոսի հայրերի որ ինչքան լուռ ու կրկնակի անգամ ծանր են տանում այս վիշտը, հերոսի քույրերի, հերոսի եղբայրների, հերոսի այրիների համար, ովքեր սպասում են, հույսով, որ Աստված մի հույսի դուռ կբացի իրենց առաջ, որ գոնե
50% -ով իրենք էլ զգան թե ինչի համար են ապրում»:։
...Եվ այսքանից հետո ինչպե՞ս ասենք այդ` այլևս ուժը կորցրած «ցավակցում եմ» բառը:
Դա մեր հերոսացած, լուսավոր եղբայրների համար չէ:
Միայն կուզեի այս պահին Ձեր կողքին լինել, ամուր գրկել ու ոչինչ չասել, որովհետև չկան Ձեզ սփոփելու համար բառեր...
ՈՒղղակի չկան...
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ